Թուրքիայի Սահմանադրական դատարանը համարել է, որ բարերար եւ գործարար Օսման Կավալայի ազատության իրավունքը չի խախտվել, եւ նրան կալանքի տակ է թողել մինչ դատավարությունը, հայտնում է Anadolu-ն:

Այս գործին ուշադրությամբ հետեւում են Եվրամիությունն ու իրավապաշտպան խմբերը, որոնք կոչ են անում անհապաղ ազատ արձակել Կավալային:

«Ցավոք, Թուրքիայի Սահմանադրական դատարանը դարձել է քաղաքականացված ինստիտուտ, որը ոչ մի կապ չունի օրենքի եւ արդարադատության հետ»,- ասել է Եվրախորհրդարանում Սոցիալիստական եւ ժողովրդավարական խմբի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Քեթի Փիրին:

2017-ի հոկտեմբերին Ստամբուլի օդանավակայանում կալանավորվելուց ի վեր 63-ամյա գործարարն ու բարերարը, քաղաքացիական իրավունքների առաջատար պաշտպանը գտնվում է նախնական կալանքի տակ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, եւ 20 տարվա ազատազրկում՝ լրտեսության համար լրացուցիչ մեղադրվելու դեպքում:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 3-ին կոչ է արել ազատ արձակել Կավալային:

Շաբաթ օրը Էրդողանը հայտարարել է, որ 2021 թվականը կդառնա «ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների» տարի Թուրքիայում: Ընդդիմության քաղաքական գործիչները կասկածի տակ են դրել Էրդողանի խոստումները՝ մատնանշելով երկրում նրա կողմից ղեկավարվող ավտորիտարիզմի աճը:

Դեկտեմբերի 18-ին Ստամբուլի 36-րդ քրեական բարձրագույն դատարանը մերժել է Կավալայի բողոքը եւ երկարաձգել նրա խափանման միջոց կալանքի ժամկետը: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին: