Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը գրանցվել է նաեւ ԱՄՆ Կոլորադո նահանգում: Այս մասին հայտարարել է նահանգապետ Ջարեդ Փոլիսը Twitter-ում:
«Այսօր մենք հայտնաբերել ենք COVID-19 B.1.1.7 շտամով առաջին դեպքը` նույն տարբերակով, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում»,- գրել է Փոլիսը:
Նշվում է, որ հիվանդ տղամարդը վերջերս չի ճանապարհորդել:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ են հայտնաբերել, որն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 81 միլիոն դեպք, առողջացել է 57 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1.7 միլիոն մարդ: Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 միլիոն դեպք:





























