Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն ուղերձով է հանդես եկել Ամանորի եւ Սուրբ Ծնդդյան տոների կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, գործընկերներ.

Հաշված րոպեներ հետո անցյալ կդառնա 2020 թվականը, որն աշխարհի եւ հատկապես Արցախի պատմության մեջ բազմաթիվ փորձությունների ու մարտահրավերների տարի էր:

2020-ը նախ մեկնարկեց համաշխարհային աղետներով, շարունակվեց համավարակով, որը չշրջանցեց նաեւ Արցախն ու Հայաստանը:

Ամբողջ տարվա ընթացքում մեր ծառայությունը եւս միջոցներ ձեռնարկեց Կորոնա տիպի վարակի կանխարգելման դեմ պայքարում: Բայց, հիմնական փորձությունն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն էր, որը բոլորիս կանգնեցրեց նոր իրականության առաջ:

Պատերազմական ամբողջ գործողությունների ընթացքում մեր փրկարարները դրսեւորեցին բարձր պատասխանատվություն եւ պատրաստվածություն:

Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր այդ ծանր ու դժվար օրերին առանց վարանելու հերոսական քայլեր կատարեցին, իրենց ներդրումը բերելով թիկունքային աշխատանքներում:

Տարին եզրափակում ենք նաեւ կորուստներով: Պատերազմի օրերին ցավոք մեր ծառայությունը տվեց 4 զոհ, եւս 17-ը վիրավորվեցին: Արժանին մատուցենք մեր հերոս փրկարարներին:

Փառ ու պատիվ հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսներին: Մենք անձնվիրաբար կշարունակենք նաեւ նրանց գործը:

Շուտով կդիմավորենք 2021 թվականը: Թե ինչպիսինն է լինելու նոր տարին, կախված է մեզանից՝ յուրաքանչյուրից:

Գիտակցելով, որ պատերազմները երբեք չեն ավարտվում, մեզ մնում է հավատալ, արարել, ստեղծել, կառուցել, ծառայել՝ ապագայի հաղթանակների ու ձեռքբերումների տեսլականով:

Մաղթում եմ, որ 2021 թվականը մեզ համար լինի կայուն եւ արժանապատիվ խաղաղության, հայրենաշեն ծրագրերի եւ իղձերի իրականացման տարի»: