Սլովակիայում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ներդրվել են ամենախիստ սոցիալական սահմանափակումները: Միջոցառումներն ուժի մեջ կլինեն մինչ հունվարի 24-ը, հաղորդում է Սլովակյան ռադիոն:

Սլովակիայում փակվել են եկեղեցիները, դադարել են աշխատել լեռնադահուկային թեքահարթակները: Ուրբաթ օրվանից հյուրանոցները չեն կարող ընդունել նոր հյուրերի, ովքեր նախկինում կարող էին բնակություն հաստատել բացառիկ դեպքերում, որոնք չէին ներառում զբոսաշրջային եւ հանգստի ուղեւորությունները, ինչպես նաեւ հարազատներին այցելությունները: Իշխանությունները երկրի բնակիչներին արգելել են միմյանց այցելել: Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ նույն ընտանիքի անդամներին, ովքեր միասին չեն ապրում: Վարչապետ Իգոր Մատովիչը հինգշաբթի օրը հյուր գնալու արգելքն անվանել է «ամենասկզբունքայինը, քանի որ [ընկերներին ու ընտանիքի անդամներին] այցելելիս քաղաքացիները չեն պահպանում ներկայիս [համաճարակային անվտանգության] միջոցառումները, ինչն այժմյան ամենալուրջ խնդիրն է»:

Սլովակիայում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահացությունների թիվն ավելանում է, իսկ նոր վարակների օրական ցուցանիշն աճում է: Վտանգ կա, որ հանրապետության հիվանդանոցները շուտով չեն կարողանա ապահովել վիրուսի հարուցած հիվանդության ծանր ձեւերով հիվանդների հոսպիտալացումը:

Սլովակիայում առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող խանութները, ինչպես նաեւ բնակչությանը սպառողական ծառայություններ մատուցող ձեռնարկությունները փակվել են դեկտեմբերի 19-ից: Առանց հրատապ անհրաժեշտության բնակելի տարածքներից դուրս գալու արգելք է մտցվել: Քաղաքացիներին թույլատրվում է միայն այցելել բժիշկների, լքել իրենց տները դեղեր եւ սնունդ գնելու, ինչպես նաեւ աշխատանքի գնալու համար, եթե չեն կարող տեղափոխվել հեռավար ռեժիմի: Բնակության տարածքում թույլատրվում են նաեւ առողջական նպատակներով անհատական զբոսանքները: Բրատիսլավայի եւ Կոսիցեի (երկրի արեւելք) բնակիչները դրանք պետք է կատարեն միայն քաղաքի սահմաններում:

Հոկտեմբերի 1-ից Սլովակիայում վերականգնվել է արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը գործում էր համավարակի առաջին ալիքի ժամանակ: Այն պետք է ավարտվեր դեկտեմբերի 30-ին, բայց իշխանությունները երկարաձգել են եւս 40 օրով: Երկրում պարտադիր է բժշկական դիմակներ կրելը: Սանիտարահամաճարակային միջոցառումները խախտողներին սպառնում է մինչեւ 20 000 եվրոյի տուգանք: