Կատարը ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նոյեմբերին Կատարի տարածքային ջրեր Բահրեյնի ռազմական նավերի ներխուժման մասին, հայտնել է երկրի ԱԳՆ-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: «Բահրեյնի ռազմական նավերի անօրինական ներխուժումը Կատարի տարածքային ջրեր․․․ խախտում է կատարյան պետության ինքնիշխանությունը, սպառնում է նրա տարածաշրջանային բարեկեցությանն ու անվտանգությանը»,- ասվում է ԱԽ-ին եւ գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում։ Դոհան ՄԱԿ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել «Բահրեյնի կողմից խախտումներին վերջ տալու համար»։

Նախկինում Կատարը արդեն բողոք ներկայացրել էր Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարին` դեկտեմբերի 9-ին Բահրեյնի կործանիչների կողմից իր օդային տարածքը խախտելու մասին: Դոհան նշել է, որ Բահրեյնի ռազմական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքի նման խախտումը առաջինը չէ:

Իր հերթին, ՄԱԿ-ում Բահրեյնի մշտական ներկայացուցիչ Ջամալ Ռուվեյին գլխավոր քարտուղարին եւ Հարավային Աֆրիկայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին ուղղված պաշտոնական նամակում հերքել էր Կատարի մեղադրանքները:

Կատարի եւ հարեւան Բահրեյնի միջեւ հարաբերությունների սրումը տեղի է ունեցել Կատարի շուրջ հակամարտությունը լուծելու ցանկության մասին Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին, որը սկսվել էր 3,5 տարի առաջ Դոհայի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների սրմամբ։ Ավելի վաղ Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հակամարտության բոլոր կողմերը ձգտում են կարգավորել այն, իսկ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը հասկացրել է, որ դա կարող է տեղի ունենալ արաբական միապետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ, որը նախատեսված է 2021 թվականի հունվարի 5-ին՝ Էր Ռիադում: