«Գազպրոմը» հունվարի 1-ից սկսել է «Թուրքական հոսք»-ի («Բալկանյան հոսք») նոր ճյուղով գազ մատակարարել Սերբիային, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինային: Գազատարը գործարկել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է «Կոմերսանտը»։

«Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը կարծում է, որ «Թուրքական հոսքը» պահանջարկ ունի եվրոպական սպառողների շրջանում: «Եվրոպայի երկրների թիվը, որոնք «Թուրքական հոսք»-ի միջոցով ռուսական գազ են ստանում, հասել է վեցի: Այժմ Բուլղարիայի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ռումինիայի հետ միասին նման հնարավորություն են իրենց համար ապահովել Սերբիան, Բոսնիա եւ Հերցեգովինան»,- ասվում է Միլլերի հայտարարության մեջ, որը Telegram-ալիքում մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վուչիչը ավելի վաղ հայտնել էր, որ Սերբիան կարող է ավելի քան 70 դոլար խնայել 1000 խորանարդ մետր գազի դիմաց: «Բալկանյան հոսք»-ի շահագործումից հետո դրա գինը կկազմի 155 դոլար (գումարած փոխադրման ծախսերի համար 12-14 դոլար), նախկինում դրա արժեքը կազմում էր 240 դոլար: 2019 թվականին Սերբիան «Գազպրոմ»-ից գնել էր 2,135 միլիարդ խորանարդ մետր գազ, 2020 թվականի 10 ամիսների համար՝ 960 միլիոն խորանարդ մետր:

«Բալկանյան հոսքը» շարունակում է «Թուրքական հոսք» գազատարը, որն անցնում է Սեւ ծովի հատակով՝ Ռուսաստանից Թուրքիա: Այդտեղից գազն արտահանվում է Հունաստան, Բուլղարիա եւ Հյուսիսային Մակեդոնիա: Սերբիայի իշխանությունները «Բալկանյան հոսքը» ծրագրում էին նոյեմբերին գործարկել, սակայն շահագործման հանձնումը հետաձգվեց: Նախկինում Ռուսաստանից Սերբիա գազը մատակարարվում էր Ուկրաինայի եւ Հունգարիայի միջոցով: