Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Միք Մալվեյնին հրաժարական է տվել Հյուսիսային Իռլանդիայում հատուկ բանագնացի պաշտոնից:

«Երեկվանից հետո ես չեմ կարող այստեղ մնալ,- ասել է Մալվեյնին CNBC-ին:- Դուք չեք կարող ականատես լինել այս իրադարձություններին եւ ասել, որ ցանկանում եք դրա մաս լինել ցանկացած տեսքով»:

Նրա հրաժարականը հաջորդել է Սպիտակ տան մի քանի այլ հայտնի օգնականների, այդ թվում` առաջին տիկին Մելանյա Թրամփի աշխատակազմի ղեկավար Ստեֆանի Գրիշեմի եւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերի հրաժարականներին:

Մալվեյնին ասել է, որ չի զարմանա, եթե էլի հրաժարականներ լինեն, սակայն հավելել է, որ ինքը հասկանում է, թե ինչու են վարչակազմի որոշ անդամներ դեռ նախընտրում մնալ: «Ես չէի զարմանա, եթե իմ ընկերներից ավելի շատ մարդ հրաժարական տա առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում, եւ եթե նրանք դա անեին, ապա միանգամայն հասկանալի կլիներ,- ասել է Մալվեյնին:- Նրանք, ովքեր նախընտրում են մնալ, եւ ես խոսել եմ նրանցից ոմանց հետ, քանի որ նրանք մտահոգված են, որ նախագահը կարող է ինչ-որ մեկին նշանակել` իրավիճակն ավելի վատթարացնելու համար»: