Դրանից հետո դոլարը կարժեզրկվի 50%-ով, ոսկու գինը կաճի մինչեւ 15 000 դոլար, իսկ արծաթինը՝ 100 դոլար՝ մեկ ունցիայի համար, կանխատեսում է Citi-ի նախկին բարձրաստիճան աշխատակից եւ տխրահռչակ LTCM ֆոնդի նախկին գլխավոր իրավաբան Ջիմ Ռիկարդսը, հաղորդում է ProFinance.ru-ն:
«Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները մեղմելու համար փող տպելը չի կարող ինֆլյացիա հրահրել: Փոխարենը աշխարհը կընկնի գնանկման մեջ, ինչը կբերի նոր Մեծ դեպրեսիայի 2021 թվականին»,- ասել է նա:
«Պատկերացրեք, որ ես գնացել եմ ճաշելու եւ 1 դոլար թեյավճար եմ թողել մատուցողուհուն»,- մեկնաբանում է փորձագետը USAWatchdog-ին տված հարցազրույցում: «Մատուցողուհին տաքսիով տուն է գնացել եւ տաքսու վարորդին թեյավճար է թողել, որով վերջինս լիցքավորել է իր մեքենան: Այսպիսով, իմ դոլարի շրջանառության արագությունը կազմել է երեք՝ մատուցողուհի, տաքսու վարորդ եւ լցակայան: Իմ մեկ դոլարը ստեղծել է 3 դոլարի ապրանքներ եւ ծառայություններ: Բայց ինչ կլինի, եթե ես տանը մնամ եւ դադարեմ փող ծախսել: Այս դեպքում փողի շրջանառության արագությունը կհավասարվի զրոյի, բացատրում է Ջիմ Ռիկարդսը: Ըստ նրա՝ եթե շրջանառության մեջ փող չունես, ուրեմն դու նաեւ տնտեսություն չունես: ԱՄՆ-ում M1 դրամական զանգվածը 7 տրիլիոն դոլար է, բայց նույն հաջողությամբ այն կարող էր լինել 8 կամ 9 տրիլիոն դոլար, քանի որ դա ինքնին ինֆլյացիա չի առաջացնում»:
Նրա կարծիքով՝ այսօր գնանկումն ավելի մեծ խնդիր է, քան ինֆլյացիան: Ավելի երկարաժամկետ հեռանկարում, սակայն, ԱՄՆ-ը ստիպված կլինի զբաղվել պարտքի խնդրով, եւ դրա լուծման համար անհրաժեշտ կլինի դոլարի 50% արժեզրկում: Այս ֆոնին ոսկու գինը կբարձրանա մինչեւ 15 000 դոլար՝ մեկ ունցիայի համար, իսկ արծաթինը՝ մինչեւ 100+ դոլար՝ ունցիայի համար, կանխատեսում է Ջիմ Ռիկարդսը: Նա կարծում է, որ դոլարի արժեզրկման գործընթացը կտեւի մոտ քսան տարի:





























