SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը որոշել է բաշխել ողջ կարողությունը հանուն Մարսի գաղութացման, հաղորդում է Business Insider-ը:
Գործարարը հայտնել է, որ Մարսի վրա քաղաքի կառուցումը զգալի ներդրումներ կպահանջի: Նրա խոսքով՝ դա պատճառներից մեկն է, որը կարող է ստիպել նրան բաժանվել իր կարողությունից: Մեկ այլ պատճառ է, ինչպես նշել է Մասկը, ցանկությունը աշխարհին ցույց տալու, թե որքան վճռական է նա, երբ խոսքը Մարսի գաղութացման մասին է:
«Փաստացի ես կմնամ գրեթե առանց կարողության: Եթե աշխատավայրում ամեն ինչ լարված է, ինձ պարզապես դուր է գալիս քնել ֆաբրիկայում կամ գրասենյակում: Եվ ակնհայտ է, որ ինչ-որ բնակավայր է պետք, եթե այնտեղ լինեն իմ երեխաները»,-ասել է Մասկը:
Ինչպես նշում է Business Insider-ը, այն բանից հետո, երբ Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, նա Թվիթթերի իր էջում փոխել է ամրացված գրառումը: Նա այնտեղ տեղադրել է իր գրառումը, որն արել է 2018 թվականին, որում խոստացել է իր կարողության կեսը նվիրաբերել Մարսում քաղաքի կառուցմանը, հաղորդում է ՌԲԿ-ը:
Մասկն ավելի վաղ հայտնել է, որ մինչեւ 2050 թվականը մտադիր է Մարս ուղարկել 1 մլն մարդու:





























