Լիբանանը կորոնավիրուսի դեմ պայքարի «շատ կարեւոր փուլ» է մտել: Այս մասին կարանտինը խստացնելու նոր միջոցառումների քննարկման համար նախարարների հանդիպման նախաշեմին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը:

Նրա խոսքով՝ շատ լիբանանցիներ նախկինի պես վիրուսն առասպել են համարում եւ դրան լուրջ չեն վերաբերում: «Մենք մտել ենք շատ կարեւոր գոտի՝ կորոնավիրուսի տարածման առումով, կամ գոնե գտնվում ենք այդ գոտու դարպասների մոտ»,- ասել է Դիաբը:

Տոներին հաջորդած վարակների նոր աճից հետո Լիբանանի կառավարությունը սահմանել է համազգային կարանտին եւ գիշերային պարետային ժամ:

Խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում համաճարակի հետ կապված Լիբանանի գործողությունները գտնվում են ակնդետ ուշադրության կենտրոնում, եւ շատերն ասում են, որ անվճռական քաղաքականությունը չի կարողացել այն զսպել: Չնայած վարակների թվի աճին՝ կառավարությունը Սուրբ ծննդյան եւ Ամանորի տոնակատարություններից առաջ մեղմացրել է սահմանափակումները՝ հույս ունենալով խթանել փլուզվող տեղական տնտեսությունը: Մի քանի ամիս փակված բարերին եւ գիշերային ակումբներին թույլատրվել է բացվել: Կիրակի օրը հյուսիսային Տրիպոլի նահանգում թույլատրվել է հանդիսատեսի ներկայությամբ ֆուտբոլային հանդիպում անցկացնել:

Բժիշկներն ու փորձագետները ասում են, որ տարածման մասշտաբները դեռ կզգացվեն, ըստ կանխատեսուների՝ առաջիկա օրերին դեպքերի թիվը կտրուկ կաճի: Վարակման օրական մակարդակը գերազանցում է 3000-ը՝ անցյալ շաբաթ այն հասել էր ռեկորդային առավելագույնի՝ ավելի քան 5000-ի:

Օրենսդիրներն ու պաշտոնյաները կառավարությանը կոչ են արել դիտարկել առանց բացառության շուրջօրյա մեկուսացումը: Բեյրութի օդանավակայանը փակելու կոչեր են հնչում: Մոտ 80 000 լիբանանցի էմիգրանտներ են արձակուրդների ընթացքում վերադարձել երկիր, բայց բժիշկներն ասում են, որ փոխանցումը հիմնականում ոչ էմիգրանտների շրջանում է տեղի ունենում: