Գիտնականները չեն բացառում Երկրի պտույտի արագացման պատճառով տարվա տեւողությունը երբեմն մեկ վայրկյանով կրճատելու հնարավորությունը, քանի որ լուսային օրերը սկսել են առաջ անցնել ատոմային ժամերով չափվող համաշխարհային ժամանակից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Համառուսական գիտահետազոտական ինստիտուտի Երկրի ռոտացիայի ժամանակի, հաճախության եւ պարամետրերի որոշման պետական ծառայություն գիտնականները։

«Վերջին տասնամյակներին «պտտվող» օրերը ավելի երկար էին, քան ատոմայինները: Այդ պատճառով անհրաժեշտ էր, որ միջինը մեկուկես տարին մեկ անգամ UTC (ունիվերսալ համակարգված ժամանակ) ժամանակային սանդղակին ավելացվեր լրացուցիչ վայրկյան: Սակայն վերջին չորս տարիներին UT1 օրվա տեւողությունը (Երկրի պտույտով որոշված ժամանակային սանդղակը) գրեթե հավասարվել է ատոմային օրվա տեւողությանը, եւ UTC ժամանակային սանդղակում լրացուցիչ վայրկյան մտցնելը չի պահանջվել: Եթե Երկրի պտույտի արագացումը շարունակվի նույն տեմպով, ապա կարող է պարզվել, որ վայրկյանը ոչ թե պետք է ավելացվի UTC սանդղակին, այլ հանվի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ինստիտուտում:

Այսպես, գիտնականները մեկնաբանել են մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, որ Երկրի պտույտի արագացման պատճառով 2020 թ. միանգամից գրանցվել են դիտումների պատմության մեջ 28 ամենաարագ օրերը (1960-ից), իսկ հուլիսի 19-ին օրը սովորականից կարճ է եղել՝ ռեկորդային 1,4 միլիվայրկյանով: Ակնկալվում է, որ գալիք տարին էլ ավելի կարճ կլինի:

1972 թվականից ի վեր տարբեր տարիներին համաշխարհային ժամանակին ավելացվել է ընդհանուր առմամբ 27 վայրկյան՝ լուսային ժամերին հասնելու համար: Առաջին անգամ «ցատկող» վայրկյանը ավելացվել է 1972-ի հուլիսի 1-ին, իսկ վերջին անգամ՝ 2016-ի դեկտեմբերի 31-ի լույս 2017-ի հունվարի 1-ի գիշերը: