Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պամտական հուշարձաններ կան: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի ղեկավար, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով ներկայացրեց կատարված աշխատանքի հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգություն»  գիտահետազոտական կենտրոնի մասնագետները Գորայք եւ Գնդեվազ համայնքներում գտել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձաններ:

«Գորայք համայնքում կազմվել է 29 վկայություն, որոնցից նախարարության մասնագետները քննարկել են 19-ը։ Դրանք հուշարձանների կարգավիճակ են ստացել: Գնդեւազի տարածքում կազմվել է 26 վկայություն: Հուշարձանի կարգավիճակ է ստացել 3-ը»,-հայտնեց Բագրատյանը՝ հավելելով, որ մնացած գտածոներին կարգավիճակ տալու հարցը դեռ պետք է քննարկվի:

Պատգամավորի խոսքով՝ համաձայն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի՝ Հայաստանը ստանձնել է պատմական հուշարձանների մոտակայքում հանքերի շահագործում չիրականացնելու պարտավորություն: Այդ կապակցությամբ հանձնաժողովը կարծիք ստանալու համար գտածոների մասին փաստաթղթեր է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ: Պատասխան է ստացվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է: