ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեք հրաման է ստորագրել՝ ուղղված կլիմայի փոփոխության հակազդմանը: Հեռարձակումը կատարվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ կարծիքով՝ մենք արդեն չափից ավելի երկար ենք սպասել՝ մինչ այս կլիմայական ճգնաժամով զբաղվելը: Մենք այլեւս չենք կարող սպասել»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը փաստաթղթերը ստորագրելուց առաջ: «Դա [կլիմայական ճգնաժամը] սպառնալիք է մեր բուն գոյությանը»,- վստահ է Բայդենը:
Հրամաններով նախատեսվում է, որ ԱՄՆ վարչակազմը շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը կդարձնի ամերիկյան արտաքին քաղաքականության անքակտելի մասը: Նախատեսվում է նաեւ ստեղծել Սպիտակ տան՝ կլիմայի ոլորտում ներքին քաղաքականության վարչություն՝ կլիմայական հարցերով խորհրդականի ղեկավարությամբ, ինչպես նաեւ համապատասխան աշխատանքային խումբ: «Մենք կդառնանք այդ՝ [էկոլոգիապես մաքուր] տեխնոլոգիաների աշխարհում ամենախոշոր արտահանողը, ինչը է՛լ ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»,- խոստացել է ԱՄՆ նախագահը:
Դրանից բացի, փաստաթղթերը հաստատում են 2021 թվականի ապրիլի 22-ին Երկրի օր անցկացնելու մտադրությունը՝ համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ կլիմայի հարցերով գագաթնաժողով: Այն նվիրված կլինի շրջակա միջավայր վնասակար արտանետումների կրճատման ջանքերի կոնսոլիդացիայի թեմային:
ԱՄՆ դաշնային գործակալություններին նաեւ կկարգադրվի գնել միայն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ, իսկ երկրի ներքին անվտանգության նախարարության ղեկավարին նախագահը կհանձնարարի դադարեցնել նավթահորատման համար հանրային հողերը կամ առափնյա ջրատարածքները վարձով հանձնելը: Բայդենն ավելի վաղ արդեն հրաման էր ստորագրել, որով, մասնավորապես, նախատեսվում է կառավարական ամբողջ ավտոպարկի փոխարինումը ամերիկյան արտադրության էլեկտրամոբիլներով:





























