Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը «գոհ է Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմամբ», հաղորդում է Mehr-ը:
Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը Նախիջեւանի Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ:
«Գոհունակություն հայտնելով Բաքվից տարածաշրջանային իր ուղեւորության սկզբի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում դրա ավարտի կապակցությամբ՝ նա օկուպացված տարածքների ազատագրումը բնութագրել է որպես իրադարձություն, որն ուրախացրել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, թեեւ որոշ մարդիկ զոհվել են դրա հետ կապված:
Զարիֆը նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը՝ ապագայում նմանատիպ հակամարտությունների կրկնությունը կանխելու համար:
Խոսելով տարածաշրջանային իր ուղեւորության եւ կայացած բանակցությունների, ինչպես նաեւ նշված երկրների պաշտոնատար անձանց կարծիքների մասին՝ Զարիֆը պատմել է, որ հասարակությունն ընդունում է եւ պատրաստ է տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում տրանսպորտային կապեր եւ տարանցիկ երթուղիներ ստեղծելու ոլորտում:
Նա այս առումով նույնպես ընդգծել է Նախիջեւանի կարեւոր դերը:
Իրանի արտգործնախարարը նաեւ շեշտել է Իրանի եւ Նախիջեւանի միջեւ փոխադարձ խորհրդարանական կապերի կարեւորությունը:
Վասիֆ Թալիբովն, իր հերթին, զեկույց է ներկայացրել առեւտրի, էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, ինչպես նաեւ մշակութային, մասնավորապես՝ պարսկերենի հարցերում Նախիջեւանի եւ Իրանի համագործակցության վիճակի մասին:
Նա հայտնել է Նախիջեւանի պատրաստակամությունը` զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը երկաթուղիների եւ տարանցիկ ճանապարհների, ավտոմայրուղիների, մաքսատների եւ օբյեկտների բնագավառում», - հաղորդում է լրատվական գործակալությունը:




























