«Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամներն այսօր` հունիսի 9-ին պաշտոնական նամակ են ուղարկել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ առաջարկում են Երեւան հրավիրել աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երեւանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով եւ ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը:

Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝  խնդրելով, որպեսզի Դուք եւ Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին»:

Նախաձեռնության անդամները նշել են նաեւ, որ Մարկեսի՝ հրավերն ընդունելու դեպքում պատրաստ են կազմել հստակ ծրագիր եւ մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին: