Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին ժամը 13-ին:
Միջնորդությունը նախօրեին ներկայացրել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Պաշտպանը շեշտը դրել էր դատավորի թույլ տված խախտման վրա՝ նրա անփութությամբ դատարանում հրապարակվել էր բժշկական գաղտնիք, որն առնչվում է Գեւորգյանի տիկնոջը: Քանի որ տեղեկությունն արդեն դարձել է լայն հանրության սեփականությունը, փաստաբանը պարզաբանել էր, որ խոսքը Գեւորգյանի տիկնոջ կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստի հրապարակման մասին է, ինչով պատճառաբանվել է դատական նիստի հետաձգումը: Գեւորգյանի փաստաբանն այս կապակցությամբ դիմել էր դատախազություն եւ ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Ալեքսանյանը շեշտել էր, որ Դանիբեկյանն այսպիսով արդեն հացագործություն է կատարել իր պաշտպանյալի դեմ, եւ առավել եւս չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ լինել այն անձի հանդեպ, ով փորձում է հասնել թույլ տրված խախտումը պատժելուն:
Մյուս ամբաստանյալների փաստաբանները եւ ամբաստանյալներն իրենք համերաշխաբար սատարել էին գործընկերոջը: Դատախազները դեմ էին հանդես եկել՝ առաջարկելով միջնորդությունն ընդհանրապես չքննարկել, եւ հընթացս պաշտպանական կողմին մեղադրել էին իրավունքների չարաշահման մեջ:





























