Գերմանիան, Շվեդիան եւ Լեհաստանը միաժամանակ հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Դա պատասխան միջոց է Ռուսաստանից այդ երկրների դիվանագետներին արտաքսելու համար, որոնք մեղադրվել են Մոսկվայում եւ Պետերբուրգում ընդդիմության չհամաձայնեցված ակցիաներին մասնակցելու մեջ, հաղորդում է Ինտերֆաքսը:

Գերմանիայի ԱԳՆ-ն persona non grata է ճանաչել Բեռլինում ՌԴ դեսպանատան աշխատակցին՝ որպես արձագանք Մոսկվայից Գերմանիայի դիվանագիտական առաքելության աշխատակցին արտաքսելուն: Գերատեսչության ներկայացուցիչը վկայակոչել է 1961 թվականի ապրիլի 18-ի՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածը:

Շվեդիայի ԱԳՆ-ն persona non grata է ճանաչել Ստոկհոլմում ՌԴ դեսպանատան աշխատակցին:

«Մենք տեղեկացրել ենք ռուս դեսպանին, որ դեսպանատան աշխատակցին խնդրել ենք լքել Շվեդիան: Դա պարզ պատասխան է շվեդ դիվանագետին արտաքսելու որոշմանը, որը ընդամենը կատարել է իր աշխատանքը»,-գրել է Թվիթթերում երկրի ԱԳ նախարար Անն Լինդեն:

Լեհաստանի ԱԳՆ-ն փոխադարձության սկզբունքին համապատասխան persona non grata է ճանաչել Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակցին: Պետերբուրգում իր երկրի գլխավոր հյուպատոսության աշխատակցին արտաքսելու որոշումը գերատեսչությունն անհիմն է անվանել:  

ՌԴ ԱԳՆ-ում այդ քայլն անհիմն եւ ոչ բարեկամական են անվանել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրների՝ Նավալնու աջակիցների եւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսահամաժողով կազմակերպելու ծրագրերը «Ռուսաստանի վրա հարձակման անօրինական դրսեւորում են»: