Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ բողոքի ակցիա են իրականացրել բուհի հիմնական մասնաշենքի մոտ։
Դասախոսներից մի քանիսը, ինչպես նաեւ ուսանողներ հանդես եկան ելույթով։
Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը նշեց, որ Հայ-ռւսական համալսարանը բարձր վարկանիշ ունի ի շնորհիվ ռեկտոր Դարբինյանի։ Պրոռեկտորի խոսքով՝ Դարբինյանն ապացուցել է, որ կառուցող, արարող ղեկավար է։
«Ինչպես դուք գիտեք ամեն անգամ մենք այս հրապարակում հավաքվում ենք, երբ հարցը վերաբերում է համալսարանական կյանքին, կարեւոր իրադարձություններին, մեր երկրի կյանքին։ Այստեղ մենք հավաքվել ենք մեր խղճի ձայնով, մեր հոգու կանչով։ Հավաքվել ենք, որպեսզի մեր անհանգստությունն ու դժգոհությունն արտահայտենք այն բանի համար, ինչ ստեղծվել է համալսարանի ռեկտորի՝ Արմեն Դարբինյանի անձի շուրջ։ Դա հարց է, որը վերաբերում է համալսարանի ներկային ու ապագային։ Տարիներ շարունակ ղեկավարելով համալսարանը՝ Դարբինյանն ապացուցել է, որ նա կառուցող, արարող ղեկավար է։ Դրա վկայությունն է այս սպորտային պալատը՝ իր բոլոր հարմարություններով հագեցված, գիտատեխնիկական ուսումնասիրությունների նոր մասնաշենքը, որը կառուցվել է, ուսմունք դպրոցի շենքերը։ Մենք բոլոր մասնագիտություններում դարձել ենք առաջատարը։ Հայ-ռուսական համալսարանը, որը հանդիսանում է հայ եւ ռուս ժողովրդի բարեկամության առհավատչյան։ Այսօր այդպիսի մթոնոլորտի ձեւավորումը անհարգալից է ոչ միայն ռեկտորի անձի նկատմամբ, այլ նաեւ անհարգալից է հեղինակավոր համալսարանի նկատմամբ։ Մենք կանգնելու ենք մեր ռեկտորի կողքին»,- իր ելույթում նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության զգալի ուժեր է լծել է իրեն պաշտոնանկ անելու համար, իսկ երբ դա արդյունք չի տվել ԱԱԾ-ի միջոցով է ռեկտորի հրաժարականի պահանջ փոխանցել իրեն:
Նա նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ռեկտորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը թշնամանք է դրսեւորում Հայ-ռուսական համալսարանի նկատմամբ։





























