Չնայած հնարավոր չէ միանշանակ բացասական գնահատական տալ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծին, սակայն բացարձակապես անընդունելի կետեր կան, մասնավորապես` բուհերի ինքնավարության սահմանափակման մասով: Այս մասին փետրվարի 11-ին առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Ըստ նրա` մտահոգիչ է նաեւ տարիքային ցենզի ներդրումը գիտական խորհրդի կազմի համար, ինչպես նաեւ` ռոտացիոն համակարգի վերացումն ուսման ընթացքում:
Նա հիշեցրեց, որ բուհերի ինքնավարության խախտումը կապված է լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդում ինն անդամից հինգի նշանակման հետ, ինչը Հայաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի կետերի խախտում է եւ հակասում է «Բոլոնյան համակարգին»: «Բացի այդ, բուհերի ինքնավարությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Անորոշ է մնում Գիտությունների ակադեմիայի համակարգի գիտական հաստատությունների կարգավիճակը, ինչպես նաեւ` դրանց համագործակցությունը բուհերի հետ: Այս օրենքի հիմնական շահառուները` պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները, ընդհանրապես դուրս են մնացել այս գործընթացներից»,- նշեց Կոստանյանը:





























