Վերջին շրջանում սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումների ընթացքում հերթական անգամ հիշատակվեց, դեռեւս մի քանի ամիս առաջ արված, մի հայտարարություն: Դրա հեղինակը «Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության» նախկին պետ Գրիշա Բաղյանն էր, ով դեռեւս 2010թ. աշնանը հայտարարել էր, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրած կաթնամթերքում իբրեւ թե հայտնաբերվել է արտադրության նորմատիվներով եւ տեխնոլոգիաներով չնախատեսված սոդա: Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը նշեց, որ որեւէ կերպ չի ուզում մեկնբանել, թե ինչը կարող էր լինել նմանատիպ հայտարարության դրդապատճառը կամ «հիմքը»:
«Փոխարենը` ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրած կաթնամթերքում սոդայի օգտագործումն առհասարակ բացառվում է տեխնոլոգիապես: Բացի այդ, որքան էլ տարօրինակ կթվա, սակայն նման հայտարարության համար հիմք հանդիսացող ստուգման մասին որեւէ փաստաթուղթ անգամ չկա: Բայց ամենակարեւորն այն է, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը, առհասարակ, կարիք չունի իր արտադրության մեջ սոդա օգտագործել այն նպատակներով, որոնք նշված են եղել տվյալ հայտարարության մեջ:
Դատեք ինքներդ՝ ենթադրվում է, որ սոդան խառնելու իմաստը ժամկետանց կաթը թթվելուց ժամանակավորապես զերծ պահելն է: Սակայն համոզված եմ, որ բոլոր նրանք ովքեր գեթ մեկ անգամ տեսել են «Աշտարակ կաթ»-ի բազմաթիվ մթերման կետերը, տեսել են նաեւ յուրաքանչյուր մթերման կետում տեղադրված գերժամանակակից սառնարանային սարքավորումները: Ըստ «Աշտարակ կաթ»-ում կիրառվող տեխնոլոգիական շղթայի՝ մթերված կաթն անմիջապես լցվում է այդ սառնարանները, որորք սառեցնում են կաթը մինչեւ 2 աստիճան: Նման ջերմաստիճանի պայմաններում կաթը պարզապես չի կարող թթվել: Դրանից հետո, կաթը՝ «Մերսեդես» մակնիշի հատուկ մեքենաներով տեղափոխվում է գործարան, ինչի ընթացքում ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում: Նման տեխնոլոգիաների կիրառման պայմաններում սոդայի կիրառումը, վերոնշյալ նպատակներով, պարզապես դառնում է անիմաստ եւ անտրամաբանական:
Այնուհանդերձ, քանի որ հայտարարությունն արված էր պաշտոնատար անձի կողմից, համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով, «Աշտարակ կաթ» ընկերությունը, ժամանակին,պաշտոնական գրությամբ դիմեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: 2011թ փետրվարի 8-ին ստացած պատասխանի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես բացակայում է այն փորձարկման լաբորատորիան, որի հավատարմագրման ոլորտում առհաասարակ ներառված լինի «սոդայի պարունակության որոշում» ցուցանիշը: Եվ ընդհանրապես, գրությունը հստակ փաստում է, որ վերոգրյալ ցուցանիշով փորձարկումը պարտադիր պահանջ չէ, քանի որ այն սահմանված չէ ՀՀ համապատասխան օրենքով:





























