Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է համավարակի ազդեցությունից շատ ավելի ծանր լինել: Համապատասխան կարծիքը նա հայտնել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրը կարգավորել շատ ավելի բարդ է, քան համավարակի դեպքում, բայց եթե մենք դա չանենք, բացասական հետեւանքները շատ ավելի վատը կլինեն»,- ասել է Գեյթսը:

Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար «գլոբալ համագործակցություն է անհրաժեշտ»: «Տեղեկատվություն փոխանակմանն ուղղված ընդհանուր ջանքերը շատ կարեւոր են, քանի որ սա պայքար է մարդկության եւ վիրուսի միջեւ, եւ ոչ մի երկիր չի կարող մեկուսանալ»,- ասել է Գեյթսը: «Մենք շատ բան ենք սովորել, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ պատրաստվել հաջորդ համավարակին, որը ճիշտ կառավարման դեպքում չի հանգեցնի մահվան դեպքերի 10 տոկոսին, իսկ տնտեսական վնասն ավելի քիչ կլինի, քան այն, որի պատճառով մենք հիմա տուժում ենք»:

«Համավարակը բանավեճի եւ դավադրության տեսությունների մի այնպիսի մակարդակ առաջացրեց, որը ես երբեք չէի պատկերացնի»,- խոստովանել է Microsoft-ի հիմնադիրը: «Խնդիրը շատ լուրջ է դառնում, եթե մարդիկ կարծում են, որ դիմակ կրելը կամ պատվաստվելը նշանակություն չունեն»: «Մենք այնպիսի բարդ իրավիճակ վերապրեցինք, որ մարդիկ պարզեցված պատասխաններ էին փնտրում, - հավելեց նա:- Դա այդքան էլ զարմանալի չէ, սակայն ես չէի կարող կանխատեսել, թե ինչպես թվային ալիքները կնպաստեն այս թեմաներով միլիոնավոր հաղորդագրությունների ուղարկմանն ամեն օր»:

Բիլ Գեյթսը եւ նրա կինը` Մելինդան, բարեգործական հիմնադրամ են ղեկավարում, որը կենտրոնացած է զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի, ԱՄՆ-ում առողջապահական եւ կրթական ծրագրերի վրա: Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ են հատկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման եւ աղքատներին աջակցության համար, որոնք առավել խոցելի են համավարակի պայմաններում: