Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նրա գործընկերները աշխատաշուկաները ձեւավորելիս փորձում են հաշվի առնել յուրաքանչյուր երկրի տնտեսության առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, մենք փորձում ենք նման հարաբերություններ զարգացնել ԵվրԱզԷՍ-ի շրջանակում, որպեսզի այնտեղ էլ աշխատատեղեր ստեղծվեն: Ընդ որում՝ որպեսզի աշխատանքի մեր բաժանումն այնպիսին լինի, որ համապատասխանի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր գործընկեր երկրների շահերին, եւ որ զարգանան բարձր տեխնոլոգիաները, կոոպերացիան փոխլրացնող լինի»,- ասել է Պուտինը:

Նա հստակեցրել է, որ եթե գործընկեր երկրները «գյուղատնտեսությունում աշխատելու հիանալի պայմաններ ունեն, ընդ որում՝ այն արտադրանքի առումով, որը մեզ մոտ դժվարությամբ է աճում կամ ընդհանրապես չի աճում, իհարկե, այս ամենը պետք է օգտագործել»: «Մենք փորձում ենք հենց այդպես էլ անել ԵվրԱզԷՍ-ի շրջանակում»,- հավաստիացրել է ՌԴ նախագահը: Միաժամանակ նա շեշտել է, որ անհրաժեշտ է աշխատել աշխատաշուկայի ուղղությամբ՝ աշխատանքով ապահովելով առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներին: