Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2012-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ առաջադրվելու է Գյումրիի քաղաքապետի թեկնածու եւ չի մեկնելու Փարիզ: Այս մասին հունիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը:

«Այդ լուրերը ոտից-գլուխ իրականությանը չեն համապատասխանում եւ տեղեկացնեմ, որ քաղաքապետը առաջադրվելու է: Փարիզը միշտ կա ու կա, նույնիսկ ծանր ու դժվար տարիներին նա չի հեռացել»,- ասաց Լիլիթ Աղեկյանը` հավելելով, որ իրենք արդեն նման բամբասանքների հանդեպ իմունիտետ ունեն:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլեւս մտադիր չէ առաջադրվել 2012-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ: Ըստ նույն աղբյուրի` քաղաքապետի նման որոշումը բացատրվում է նրանով, որ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է եկող տարի ընտանիքով մեկնել Ֆրանսիա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Իսկ քաղաքապետի ամենահավանական թեկնածու է համարվում ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը այս պաշտոնը վարում է 1999 թվականից: