Վերելակի հորն ընկած 8-ամյա Էդգար Հարությունյանին ուրբաթ օրը` հունիսի 10-ին, տեղափոխել են հիվանդասենյակ, նրա առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով` բարդություններ չկան, ամեն ինչ իրենց ցանկացած հունով է ընթանում: Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ դեռեւս հայտնի չէ, թե երբ երեխային դուրս կգրեն հիվանդանոցից, դա կախված է վիճակից:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, երեխային ընդունել են մի շարք օրգան-սիստեմների տրավմաներով, բազմաթիվ կոտրվածքներով եւ տրավմատիկ շոկով: Հիվանդանոցում նախեւառաջ երեխային հանել են շոկային վիճակից, ապա` վիրահատել, մշակել վերքերը, կարել:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին  ժամը 20-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եզնիկ Կողբացի 3ա շենքից շտապօգնության ավտոմեքենան Ծերեթելիի մանկական հիվանդանոց է տեղափոխել 8-ամյա Էդգար Հարությունյանին: Նշված շենքում հավաքվածները հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով: Երեխան 10-րդ հարկում վերելակ է կանչել եւ դռները բացվել են, սակայն չի նկատել, որ վերելակը չկա, եւ ընկել է հորը` ընդհուպ մինչեւ առաջին հարկ: Էդգարին վերելակի հորից հանել են հայրն ու օգնության հասած հարեւանները: Է. Հարությունյանը սովորում է 114 դպրոցի 2-րդ դասարանում: