Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններից 56 բնակիչների թունավորման պատճառներից մեկը կարող է լինել ջուրը, իսկ վերջնական արդյունքը պարզ կլինի դատախազության եզրակացությունից հետո: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը:

«Քանի որ այդ գործով զբաղվում է դատախազությունը, կատարվում է փորձաքննություն, նրանք կորոշեն` ով է մեղավոր, եւ եթե առաջանա փոխհատուցման հարց, այդ ժամանակ խնդիրը կլուծվի օրենքի շրջանակներում, իսկ այժմ մենք բավական հեռու ենք այդ գործընթացներից»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Եթե պարզվի, որ վարակի պատճառը ջուրն է եղել, ապա փոխհատուցումը կկատարվի օրենսդրության համապատասխան, բայց թե կոնկրետ ինչ մեխանիզմով` Մուրադ Սարգսայնը չնշեց:

«Երբ պատճառները պարզ չեն, կոռեկտ չի ասել` ով է մեղավոր, ոնց է մեղավոր»,- ասաց նա: 2005թ «Երեւան Ջուր» ընկերությունում նման դեպք չի գրանցվել, իսկ դրանից առաջ` 2003թ, Արաբկիրում նման դեպք է եղել, բայց Մուրադ Սարգսյանը չհիշեց, թե այդ ժամանակ ինչպես է փոխհատուցվել:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններից 56 բնակիչներ ընդունվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, բարձ ջերմություն գանգատներով: Առողջապահության նախարարության անցկացրած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ խմելու ջուրն օգտագործելուց հետո բնակիչների մոտ նկատվել են աղեստամոքսային խանգարումներ: Աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, անջատվել է դիզենտերիայի հարուցիչ` S. flexneri 3a, էնտերովիրուս: