Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը լքում է ՀՀՇ-ն: Նա արդեն հրաժարականի դիմում է պատրաստել եւ ներկայացնելու է կուսակցության վարչությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից: Չի բացառվում, որ նա նաեւ մամուլի ասուլիս տա եւ անձամբ պարզաբանի կուսակցությունից հեռանալու դրդապատճառները:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին NEWS.am-ին հայտնեց, որ առայժմ իրենք որեւէ դիմում չեն ստացել Արարատ Զուրաբյանից եւ միայն մամուլից են տեղեկացել կուսակցությունը լքելու նրա մտադրության մասին: Զուրաբյանի հրաժարականի մասին տեղյակ չէր նաեւ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:

Նշենք, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ն ղեկավարել է 2002-2010 թվականները եւ կուսակցության վարչության նախագահի պաշտոնը լքեց 2010թ. հունիսի 17-ին կայացած համագումարում, երբ նախկին վարչության մի շարք անդամներ դուրս մնացին վարչությունից: Զուրաբյանը պահպանեց իր տեղը վարչության կազմում: Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀՀՇ-ն լքած այլ անձինք նախաձեռնել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, եւ խոսակցություններ կան, որ Զուրաբյանը եւս անդամակցելու է այդ ուժին:

Լուրեր են շրջանառվում, որ նրա հետ կուսակցությունը լքելու են մի քանի այլ անդամներ եւս: