Բրիտանիայի արքայազն Ֆիլիպին՝ Եղիսաբեթ թագուհու 99-ամյա ամուսնուն, չորեքշաբթի հաջողությամբ կատարել են սրտի նախկին հիվանդության հետ կապված միջամտություն, երեկ հայտնել էր Բուքինգեմյան պալատը, փոխանցում է Reuters-ը: 

Արքայազն Ֆիլիպը հոսպիտալացվել էր փետրվարի 16-ին այն բանից հետո, երբ տկարություն էր զգացել, որպեսզի ոչ սպեցիֆիկ, բայց կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ չկապված բուժման կուրս անցնի:

Երկուշաբթի նա տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող այլ հիվանդանոց, եւ պալատից այդ ժամանակ հայտնել էին, որ ինֆեկցիայի դեմ նրա բուժումը շարունակվում է:

«Երեկ Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում Էդինբուրգի դուքսին հաջողությամբ միջամտություն են կատարել՝ կապված նախկինում ունեցած սրտի հիվանդության հետ: Նորին թագավորական մեծությունը մի քանի օր հիվանդանոցում կմնա բուժման, հանգստի եւ ապաքինման համար»,- հայտնել են պալատից:

Փետրվարի 16-ին հոսպիտալացվելու պահից դուքսին հրապարակայնորեն այցելել է միայն որդին՝ գահաժառանգ արքայազն Չարլզը:

94-ամյա թագուհին մնացել է Լոնդոնից արեւմուտք գտնվող Վինձորի ամրոցում, որտեղ զույգն իջեւանել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, եւ անցյալ շաբաթ շարունակել է կատարել իր պաշտոնական պարտականությունները:

Նա եւ Ֆիլիպը ստացել են կորոնավիրուսի դեմ պատավստանյութի առաջին դեղաչափը:

Արքայազն Ֆիլիպը, որը ծագումով Հունաստանից է եւ հունիսին կդառնա 100 տարեկան, վերջին տասնամյակում մի քանի անգամ հիվանդանոցում բուժման կարիք է ունեցել՝ կապված միզապարկի ինֆեկցիայի կրկնման հետ:

2011 թվականի Ծննդյան տոների ժամանակ նրան վիրահատել էին՝ մաքրելով սրտի խցանված արտերիաները այն բանից հետո, երբ նրան շտապ հիվանդանոց էին տեղափոխել կրծքում ցավերով: