Թաիլանդ այցելողներն այժմ կկարողանան սահմանված երկշաբաթյա կարանտինը զբոսանավերի վրա անցկացնել, հայտնում է BBC-ն:
Ըստ երկրի կառավարության հաշվարկների՝ սա ոչ միայն կօգնի վերականգնել համավարակի պատճառով մարած զբոսաշրջությունը, այլ նաեւ մոտ երկու միլիարդ դոլար եկամուտ կբերի զբոսանավերի բիզնեսին:
Առաջարկը վերաբերում է քովիդի բացասական թեստով զբոսաշրջիկներին, ինչը, սակայն, նրանց չի ազատում մեկուսացման սահմանված ժամկետը անցկացնելու անհրաժեշտությունից:
Նրանց համար, ովքեր ի վիճակի չեն առանձին զբոսանավ վարձակալել, Պխուկետի ափերի մոտ փոքր զբոսաշրջային նավերում սենյակներ են առաջարկվում:
Մոտ 100 զբոսանավ կմասնակցի կառավարության ծրագրին: Ուղեւորներին կտրամադրվեն հատուկ ապարանջաններ, որոնք գրանցում են մարմնի ջերմաստիճանը եւ ճնշումը, ինչպես նաեւ կատարում են GPS-ի գործառույթներ, ինչը կբացառի ժամանակից շուտ ափ դուրս գալու հնարավորությունը:
Ապարանջաններից տվյալները ցամաքային ծառայությունները կարող են կարդալ 10 կիլոմետր հեռավորությունից:
Հունվարին իշխանությունները զբոսաշրջիկների համար արդեն մտցրել են մեկ այլ գրավիչ սխեմա՝ կարանտին գոլֆի ակումբներում: Սովորաբար գոլֆի խաղադաշտերը խիտ բնակեցված տարածքներից հեռու են տեղակայված, զբաղեցնում են հսկայական տարածքներ, եւ ակումբները մասնավոր տների վարձակալություն են առաջարկում:



























