Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում զինված անձին գլխից գնդակահարած ոստիկանի արարքի իրավաչափությունը:

Երեկ` հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մերձակայքում հրաձգության արդյունքում ծանր վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել էր 30-ամյա Արման Ենգիբարյանը: Երիտասարդը կասկածվում էր ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ: Ոստիկանության վարկածով, կասկածյալն առաջինն է կրակ բացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, ընթանում է հետաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Ապրիլից հունիս Երեւանում արձանագրվել է բնակարանային գողությունների շարք, երեքը` Կենտրոն վարական շրջանում, երկուսը` Մալաթիա-Սեբաստիայում, մեկական` Ավանում, Արաբկիրում եւ Աջափնյակում: Կողոպտիչը բոլոր դեպքերում ներկայանում էր որպես «Ջրմուղի» աշխատակից:

Հանցագործությունների սերիական բնույթի կապակցությամբ ոստիկանությունը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացրել, ոստիկանները շրջել են տներով եւ բնակիչներին կոչ են արել չբացել դռները անծանոթ մարդկանց առջեւ, անգամ եթե նրանք ներկայանում են այս կամ այն ծառայության աշխատակիցներ:

Երեկ ժամը  13-ի սահմաններում, երիտասարդը, ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել էր մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով  նրան՝ անմիջապես զանգել էր ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել էին ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել էր իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել էին հետապնդվողին` կրակելով նրա վրա: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը չի հաղորդում, թե ինչ զենք եւ ինչ հիմունքներով (օրինական, թե ոչ) է կրել կասկածյալը, նաեւ ինչ եւ որքան պարկուճներ են հայտնաբերվել դեպքի վայրում: