Առաջիկա հինգ օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ եւ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով` հասնելով 32-34-ի: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, վաղը` հունիսի 16-ին սպասվում է 28-30 աստիճան տաքություն, իսկ հունիսի 20-ից հետո` 31-ից բարձր, տեղումների հավանականությունը շատ փոքր է: 

«Հայպետհիդրոմետի» կանխատեսմամբ, առաջիկա երկու ամիսներին` հուլիսին եւ օգոոստոսին, ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ` դրական շեղումով, իսկ ամսական տեղումների քանակը` նորմայից պակաս:  Միջին ամսական ջերմաստիճանը ամբողջ հանրապետությունում 16 է, հովտային շրջաններում` 25-27 աստիճան, լեռնային շրջաններում` 13-17, իսկ առավելագույն ջերմաստիճանը կտատանվի 35-37-ի սահմաններում:

Այս տարվա հուլիսին եւ օգոստոսին տեղումները քիչ կլինեն:  «Հայաստանյան ամառը չոր եւ շոգ է. Անցած տարվա ամռանը միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր, իսկ այս տարի նման բարձր ջերմաստիճան չի լինի, չնայած էլի սպասվում է նորմայից ավելի ջերմաստիճան: Լինելու է տիպիկ ամառ, բայց ոչ անցած տարվա նման շոգ: Վերջին 3-4 տարիներին հունիսը եղել է հենց այնպիսին, ինչպես եւ կա»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ այս տարի դարձյալ անձրեւոտ էր, տեղումները նորման գերազանցել են մինչեւ 250 տոկոսի չափով: «Հունիսի առաջին կեսն աչքի ընկավ ներզանգվածային բնույթի տեղումներով` հորդառատ տեղումներ, որոնք առանձին վայրերում ուղեկցվել են քամու ուժգնացմամբ, ամպրոպ, կարկուտ: Հայաստանում հիմնականում անձրեւները, կարկուտները դիտվում են մայիս-հունիս ամիսներին»,- ասաց նա` հավելելով` մինչեւ հունիսի վերջը կարկուտների հավանականությունը պահպանվում է հյուսիսային շրջաններում: