Մինչեւ շաբաթվա վերջ ակնկալվում է, որ երկրի առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը պատասխան կտա ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու մասին առաջարկին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
Նա թեեւ դրական է գնահատում երկխոսություն սկսելու գաղափարը, սակայն ակնկալիքներ չունի այն հարցում, քանի որ կարծում է, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկի այդ ուղղությամբ: Սերժ Սարգսյանն, ըստ նրա, դրական պատասխան չի տա եւ չի նստի սեղանի շուրջ՝ քննարկելու ՀԱԿ-ի պահանջը՝ անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ:
«Մենք պիտի գնանք քաղաքակիրթ ճանապարհով, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ կարող ենք անցկացնել լեգիտիմ ընտրություններ»,-ասաց Միքայելյանը: Նա նաեւ անհեթեթություն անվանեց որոշ ընդդիմադիրների կողմից հնչող խոսակցություններն այն մասին, թե գործարք կա իշխանության եւ ընդդիմության միջեւ:




























