Եթե ՀՀՇ-ից մարդիկ են հեռանում, նշանակում է, որ այնտեղ պառակտում է սկսվել։ Հունիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեմային։

Նրա գնահատմամբ, գործընթացների նման զարգացումը բոլորովին էլ անսպասելի չէր։

Ասուլիսին ներկա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին նկատեց, որ «Ազատ դեմոկրատների» ձեւավորումը բավական դրական եւ բնականոն գործըթաց էր։ «Ողջունելի է, որ ՀՀՇ-ից հեռանալ որոշած մարդիկ ազատ են իրենց որոշումների մեջ»,- ասաց նա։

Նշենք, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, կուսակցության փոխնախագահը վերլուծաբան Անուշ Սեդրակյանն է։ Կուսակցության համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս գրանցված չէ: Քոքոբելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, միշտ եղել են ընդդիմադիր դաշտում եւ իրենց համագործակցությունը լինելու է ընդդիմության հետ։