«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը սպասում է, որ իրեն այցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը` Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ իր ազատ արձակվելուց հետո իր նախկին կուսակից ընկերներից` ՀՀԿ-ականներից, ոմանք այցելել են իրեն, ոմանք` ոչ: «Շատ մարդիկ այցելել են, շատ մարդիկ էլ չեն այցելել, խուսափում եմ հիմա բոլոր հանդիպումներից՝ թե ընկերական, թե ընդհանուր»,-նշեց Միքայելյանը՝ ավելացնելով, որ ինքն առայժմ չի ցանկանում այդ մարդկանց երեսը տեսնել:

Հարցին, թե արդյոք ինքը սպասո՞ւմ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կամ նրա այցին, նախկին քաղբանտարկյալն արձագանքեց. «Սպասում եմ, չի գալիս, որպես մարտական ընկեր եմ սպասում։ Գիտեք ինչ` մարտական ընկերը մի քիչ ուրիշ է»:

Նա նշեց, որ թեեւ մինչ նախագահական ընտրությունները տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ ելույթ է ունեցել ու պաշտպանել է ՀՀԿ-ին, սակայն եկել է մի պահ, որ իր ու ՀՀԿ ղեկավարության հայացքները չեն համընկել: «Ես պարզ ասել եմ, որ եթե մենք նման թիմով գնանք ընտրության, ես չեմ մասնակցի ու չեմ մասնակցել։ Արդյունքում՝ երեք տարի, երեք ամիս... շնորհակալություն»,- ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ իր հարաբերություններին, Սասուն Միքայելյանն ասաց, որ Գրիգորյանի եւ իր մյուս մարտական ընկերների հետ հարաբերությունները լարված չեն: Ինչ վերաբերում է իր մյուս կուսակցական ընկերոջը` ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանին, Միքայելյանն ասաց. «Ինքը Լենինի նկարին խոռ էր նայել, թե թարս էր նայել` բռնե դատել էին, էսօր էլ մեզ շինել ա հանցագործ, իրան էլ սարքել ա ալամ աշխարհի քաղբանտարկյալ»: