Կիեւում մարտի 20-ից ապրիլի 9-ը ներդրվում են կարանտինի ուժեղացված սահմանափակումներ: Լրիվ արգելափակման մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արտակարգ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Strana.ua-ն:
«Մենք իրավիճակի լուծման հետ մենակ ենք մնացել: Քանի որ երեկ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ասաց, որ կենտրոնական կառավարությունը չի միջամտում տեղականին, մենք դա ընդունում ենք որպես իրավիճակին արագ արձագանքելու հնարավորություն»,-ասել է Կլիչկոն:
Նա նաեւ պատմել է «կարանտինային խիստ սահմանափակումների» մասին, որոնք կգործեն Կիեւում առաջիկա երեք շաբաթների ընթացքում:
Մասնավորապես, մայրաքաղաքում կարգելվի բոլոր մշակութային հաստատությունների եւ առեւտրի ու ժամանցի կենտրոնների աշխատանքը: Կչեղարկվեն բոլոր հասարակական միջոցառումները, ներառյալ մարզական մրցումները:
Հանրային սննդի հաստատությունները կգործեն բացառապես առաքման ռեժիմով: Վարսահարդարման եւ գեղեցկության սրահներ՝ գրանցմամբ, ինչպես նաեւ նույն ռեժիմով կգործեն մարզադահլիճները:
Խիստ կանոնների պահպանմամբ կաշխատեն մանկապարտեզները: Դպրոցները արձակուրդից հետո կսկսեն աշխատանքը, սակայն՝ հեռավար: Բոլոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները նույնպես կանցնեն հեռավար աշխատանքի:
Կիեւում հասարակական տրանսպորտը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով:





























