Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 18-ին, ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստին գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը ներկայացրեց իր առարկությունները՝ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդության առնչությամբ։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները նույն միջնորդությունը ներկայացրել են նաեւ առաջին ատյանի դատարան, որը մերժվել է, այնուհետեւ Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժվել է։
Գործով մեղադրող դատախազի խոսքով՝ այդ միջնորդություններից մեկի դեպքում վերնագիրը եղել է բողոք նախաքննություն իրականացնող մարմնի որոշման դեմ, մեկ այլ դեպքում բողոք առաջին ատյանի դատարանի որոշման դեմ.
«Նախաքննական մարմինը գործով ձեռք բերված փաստական տվյալների հիմքով որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի գույքին կալանք դնելու մասին։ Նախաքննական մարմնինը որոշել է, որ Սերժ Սարգսյան անձը, ով ՀՀ պետական մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաեւ նրա կենսափորձը եւ ունեցած կապերը թույլ են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքի բնույթից եւ վտանգավորության աստիճանից ելնելով, կարող է անձամբ կամ միջնորդավորված օտարել կամ սպառել իրեն պատկանող գույքը։ Նախաքննական մարմնի որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի քննարկման արդյունքում 2020 թվականի հունվարի 8-ին որոշում է կայացվել այն մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գույքի վրա կալանք կիրառվում է դատական ծախսերն ապահովելու համար։ Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից իրականացվում է, երբ գործով ձեռք բերված ապացույցները բավական հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կարող է թաքցնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը»։
Դատախազ Մարտիրոսյանն ընդգծեց, որ պաշտպանի բողոքի քննարկման արդյունքում կայացած համապատասխան որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այս գործով փաստական տվյալներ են հանդիսացել Սերժ Սարգսյանի անձը, նախկինում զբաղեցրած նրա պաշտոնների, դիրքի, կենսափորձի ու կապերի վերաբերյալ տվյալները.
«Երեւի իմ հարգարժան գործընկերը զարմացել է, որ որոշման մեջ նման ձեւակերպումներ կան։ Բայցանձի վարքագիծը, կենսափորձը էական նշանակություն ունեն»։
Գործով մեղադրող դատախազին արձագանքեց պաշտպան Ամրամ Մակինյանը. «Եթե սկսենք միմյանց խորհուրդներ տալ, ապա մենք ավելի լավ խորհրդատուի դերում կլինենք, քան դատախազը։ Կոչ եմ անում հարգելի գործընկերոջս՝ խորհուրդներով հանդես չգալ։ Վերջերս ինձ մեղադրանքի հիմնավորվածության հարցերով խորհուրդ տվեցին դիմել ոչ թե Դատախազությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով խորհրդականին։ Դատախազը հաշվի առնելով հրապարակային դատաքննությունը՝ բաց չի թողում հնարավորությունը օգտագործել եզրույթներ, որոնք լրատվական միջոցների համար դառնալու են վերնագրեր»։
Մակինյանն այդ կապակցությամբ բերեց մեկ օրինակ. «Հաշվի առնելով դատախազի կողմից արվող եզրույթները բերեմ մեկ վերնագրի օրինակ՝ «Պետությունից հափշտակության կազմակերպում», իրավաբանները գիտեն, որ վատնումը հափշտակության տեսակ է, բայց բոլորս էլ համոզված ենք, որ լայն հասարակության մեջ դա այլ ընկալում ունի»։
Անդրադառնալով այդ միջնորդության վերաբերյալ դատախազի վկայակոչած ակտերին՝ Մակինյանն ասաց. «Անընդհատ վկայակոչվում էր դատական ակտեր առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանի արտահայտված, որ դատարանները համաձայնել են քննիչի արտահայտած այն մտքերին, որ պարոն նախագահի կենսափորձը, դիրքը եւ կապերը հաշվի առնելով՝ կա այն հավանականությունը, որ անձամբ կամ միջնորդավորված եղանակով կթաքցնի իր գույքը։ Լուրջ եք ասո՞ւմ, հարգելի դատախազ, որ պարոն նախագահի կենսափորձը հաշվի առնելով մտածո՞ւմ եք, կամ կա՞ այդպիսի մարդ որ մտածում է, որ նախագահը կարող է ինչ-որ բան թաքցնել։ Նոր պրակտիկա է։ Պետք է զուգահեռներ տանեմ անձանց կալանքի վերցնելու հետ, ասում են՝ դու լավ մարդ ես, քո հեղինակավոր լինելը դատավարության մասնակիցների վրա խոչընդոտելու ռիսկը բարձր է, այսինքն՝ դու պիտի նստես»։
Ամրամ Մակինյանը պնդեց, որ դատախազի կողմից բերված որեւէ առարկություն չի կարող դրվել իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու հիմքում. «Քանի որ չի կարող բերվել գեթ մեկ ապացույցի նշույլ, որ այդպիսի վտանգ կա՝ հենց նախագահի անձը հաշվի առնելով։ Հակառակը, որ նախագահի կենսափորձը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը, ի դեմս՝ քննիչի, պիտի ամաչեր այդ որոշումը կայացնելուց»։
Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի վաղը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատարանը որոշեց կորոնավիրուսի հետեւանքով մահացած գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։





























