ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը «նորմալ» է որակում «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության հիմնումը եւ այդ գործընթացը որպես  ՀՀՇ-ի պառակտում չի դիտում։ Հունիսի 16-ին լրագրողների ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով, կուսակցության հիմնումը ՀՀՇ-ի հետ գաղափարախոսական տարաձայնությունների արդյունք է, եւ շատ ողջունելի է, որ նախկին ՀՀՇ-ականներն ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներն արտահայտելու մեջ։ «Միաժամանակ չեմ կարծում, որ սա ՀՀՇ-ի պառակտում է նշանակում»,- ընդգծեց Մինասյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե տարեց հանրապետականները դժգոհ են կուսակցության ներկայացված նախընտրական ցուցակից, ուր իրենց փոխարեն տեղ են գտել առավել երիտասարդ հանրապետականներ՝ նա նշեց, որ նման ցուցակ իրականում չկա։ «Այս լուրերն ուղղակի մտավարժանքի արդյունք են»,- հավաստիացրեց Մինասյանը։

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության հիմնադիրը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, կուսակցության փոխնախագահը վերլուծաբան Անուշ Սեդրակյանն է։ Կուսակցության համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս գրանցված չէ: Քոքոբելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, միշտ եղել են ընդդիմադիր դաշտում եւ իրենց համագործակցությունը լինելու է ընդդիմության հետ։