Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Հանձնաժողովի նախագահը անդրադարձել է գերիշխող դիրք ունեցող եւ չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ կիրառվող մեթոդների փոփոխություններին: Ինչպես հայտնի է, այս կամ այն տնտեսվարողի գերիշխող դիրքի որոշման իրավասությունը օրենքով վերապահված է Հանձնաժողովին, որն էլ վարում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանը (ռեեստր): Գրանցամատյանում տեղ են գտնում գերիշխող դիրք ունեցող բոլոր տնտեսվարողները՝ իրենց մասնաբաժիններով, որով էլ առաջնորդվում էր Հանձնաժողովը: Նոր օրենքում կատարված փոփոխություններով ամրագրվել է գերիշխող դիրքի որոշման որակական չափանիշը, եւ դուրս է եկել գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ռեեստրի վարման պարտականությունը: Այսինքն, այսուհետ որպես գերիշխող խիստ պատասխանատվության կենթակվեն չարաշահում թույլ տված այն տնտեսվարողները, որոնք թեեւ գրանցված չեն ռեեստրում, սակայն Հանձնաժողովի դիտարկմամբ ունեն շուկայական իշխանություն:
ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ողջունել են օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը՝ նշելով, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, իսկ Ղազախստանի մրցակցային պաշտպանության ծառայության ղեկավար Մ. Եսենբաեւը հատուկ ընգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ կատրարված այս փոփոխությունը ուսանելի է նաեւ իրենց համար: Նա նշել է, որ իրենց Հանձնաժողովը օրինախախտ տնտեսվարողներին պատժելիս հաճախ է ունենում խնդիրներ՝ ռեեստրի վարման կարգի հետ կապված, եւ հետեւապես այս առումով Հայաստանի փորձի ուսումնասիրությունը իրենց համար կլինի օգտակար:




























