Հուլիսի առաջին տասնօրյակում կայանալու է ձախ ուժերի խորհրդաժողով, որը կազմակերպել են Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խորհրդաժողովում ներկայացվելու է երկրի զարգացման այլընտրանքային ծրագիրը: Նա նաեւ նկատել է, որ խորհրդաժողովին հրավիրվել են Հայաստանի բոլոր ձախ ուժերը, քաղաքացիական հատվածը, ինչու ոչ` իշխանության ներկայացուցիչները:
Խորհրդաժողովի նպատակն է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, երբ մշտապես աճում է սոցիալական բեւեռացումը, ժողովուրդն ապրում է տրանսֆերտների հաշվին, երբ կոռուպցիայի մակարդակը չի նվազում 70 տոկոսից, երբ իշխանություններն ի վիճակի չեն պայքարել օլիգոպոլիաների դեմ, քանի որ իրենք էլ դրա մի մասն են:




























