Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության միջեւ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց (LGBT համայնք) իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու ուղղությամբ:

Հուշագրով նախատեսվում է, որ համագործակցության ընթացքում կողմերի միջեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում  է տեղի ունենալու եւ անհրաժեշտության դեպքում մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկներ են արվելու կառավարությանը կամ Ազգային ժողովին: Իսկ LGBT համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանին վերահասցեագրելու են իրենց կողմից ստացված կոնկրետ դիմում-բողոքները:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ համաժողովը տեղի է ունեցել հունիսի 3-4-ին Ծաղկաձորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ:

Հրավիրվել են տարբեր ոլորտների իրավապաշտպաններ, որոնք ներկայացրել են իրավիճակը Հայաստանում:

Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մարդու իրավունքների ոլորտում մի քանի ուղղություններով է աշխատում`ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանություն, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանություն և գենդերային հիմնահարցեր:

«Կոնկրետ այս դեպքում LGBT համայնքի իրավունքների պաշտպանության հարցով է համագործակցությունը օմբուդսմենի հետ: Նախկինում եթե բողոք եղել է նախկին օմբուդսմենին, ավելի թույլ է նայվել, եւ տարեկան հաշվետվություններում չեն ներառվել, շարժվել են «բողոք չկա, խնդիր չկա» սկզբունքով: Հիմա մենք ուզում ենք, որ եթե խնդիր լինի, գոնե տարեկան հաշվետվություններում նշվեն այդ խնդիրները, նշվեն, թե ովքեր են ոտնահարումների զոհերը, ու ավելի ակտիվ աշխատեն իրենց նշած 11 ոլորտներում»,- նշեց Մամիկոն Հովսեփյանը:

Նշենք, որ Ծաղկաձորում կայացած միջոցառմանը ստորագրվել են մեկ տասնյակից ավելի հուշագրեր մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ` տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: