Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների հիմքում ընկած է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չգտնելը: Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հոգեբանական փորձաքննության ազգային բյուրոյի փորձագետ Մարինե Պետրոսյանը, 2010 թվականին եւ 2011 թվականի սկզբում հետաքննություն է իրականացվել անչափահասների շրջանում` ուսումնասիրելու նրանց կատարած հանցագործությունների հոգեբանական դրդապատճառները: Հետաքննությունն անցկացվել է շուրջ 100 անչափահասների շրջանում` Երեւանից եւ մարզերից. Նրանց թվում եղել են նաեւ դատապարտված եւ հաշվառման վերցված անչափահասներ:
Արդյունքում ի հայտ է եկել հանցագործության նպաստող երկու դրդապատճառ. ագրեսիան եւ շահադիտական նպատակները:
Որպես կանոն, ագրեսիվ գործողությունների պատճառ է հանդիսացել ստեղծված իրավիճակից ելք չգտնելը: Բացի այդ, փորձագետը հիշեցրել է, որ անչափահասների մոտ մինչեւ վերջ ձեւավորված չեն արժեքային համակարգն ու լավի ու վատի ընկալումը:
Արժեքային համակարգը անուղղակիորեն կապված է անչափահասի դաստիարակության հետ, որտեղ գլխավոր դեր է խաղում ընտանիքը, այնուհետ` դպրոցը, սոցիալական այլ ինստիտուտներ: Ներկա դրությամբ ուսումնասիրվում է լրատվամիջոցների ազդեցությունը արժեքային համակարգի ձեւավորման հարցում:




























