Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպումից ոչ մի ակնկալիք չունեմ, նույն «բալտավնյան» է լինելու: Այդ մասին այսօր` հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, հավելելով, որ այսօր հայ ժողովրդի առաջ դրել է արցախյան հիմնահարցի լուծման չորս տարբերակ:
Ըստ Հակոբյանի, ղարաբաղյան հիմնահարցը Հայկական հարցի բաղկացուցիչ մաս է: «Որո՞նք են այն չորս տարբերակները, որ դրված են հայ ժողովրդի առաջ: Ո՞րն է պաշտոնական Երեւանի տեսակետը: Կրկնում եմ արցախյան ֆորումում նախագահ Սարգսյանի խոսքերը. «Մեզ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը` ցամաքային կապով Հայաստանի հետ»: Ես հարցնում եմ նրան` ի՞նչ է նշանակում ցամաքային կապ` մեկ շրջա՞ն, մեկ կիլոմետր, մեկ էշի կածա՞ն, անհայտ է: Որպես ի՞նչ եք միացնում ինքորոշման դրոշի տակ: Որպես մա՞րզ, իսկ արցախցին համաձա՞յն է ձեր մարզը դառնալուն: Չկա Արցախի տեսակետ, իսկ տարբերակը` փոխզիջում: Սա պաշտոնական Երևանի տեսակետն է»:
Հակոբյանի խոսքով, երկրորդ ածանցյալ տեսակետը պաշտոնական Բաքվի տեսակետն է: «Իսկ երրորդը, այսպես կոչված, անգլո-սաքսոնական կամ թուրք-ամերիկյան տեսակետը` մադրիդյան սկզբունքների հիմքի վրա է. ազատագրված, գրավյալ հողերը հանձնում ենք թուրքերին փուլ առ փուլ, տեղադրվում են խաղաղապահ ուժեր, ազերիների վերադարձ եւ այլն: Չորրորդ տարբերակը պաշտոնական Ստեփանակերտի տեսակետն է»,- ասել է նա:
Մարքսիստը նաեւ կարծիք է հայտնել, որ Արցախը մնացել է բանակցային գործընթացից դուրս եւ փաստացի պաշտոնական Երեւանը Արցախին պահում է որպես դիվանագիտական պատանդ` իր քաղաքական շահատակությունների համար: Մինչդեռ Մարքսիստական կուսակցությունն առաջարկում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պահեստային հինգերորդ տարբերակը:
«Այդ տարբերակը հետեւյալն է` Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից ու իր տեղը` որպես գլխավոր դերակատար, զիջում է Արցախին: Ոչ թե շիթիլ է նրան անում իր հետ, այլ` Հայաստանը դուրս է գալիս ու իր տեղը զիջում Արցախին»,- նշեց Հակոբյանը:




























