Բենքսիի նկարը՝ նվիրված համավարակի ընթացքում բրիտանացի բուժաշխատողներին, վաճառվել է ռեկորդային 23,2 միլիոն դոլարով, հայտնում է Christie's աճուրդի տունը: Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի ամբողջ Մեծ Բրիտանիայի առողջապահական եւ բարեգործական կազմակերպություններին:

Խորհրդավոր փողոցային նկարչի Game Changer անունով ստեղծագործությունն առաջին անգամ մայիսին՝ համավարակի առաջին ալիքի ժամանակ է հայտնվել Անգլիայի հարավում գտնվող Սաութհեմփթոնի ընդհանուր հիվանդանոցի պատին: Սեւ ու սպիտակ նկարում պատկերված է հատակին նստած տղա, որը խաղում է սուպերհերոս-բուժքույր խաղալիքով, իսկ Բեթմենի ու Սարդ-մարդու կերպարով խաղալիքները դրված են կողքի թղթերի զամբյուղի մեջ:

Հիվանդանոցից հայտնել են, որ Բենքսին թողել է գրություն, որում ասվում է. «Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք: Հուսով եմ, որ սա մի փոքր կլուսավորի տեղը, նույնիսկ եթե այն միայն սեւ ու սպիտակ լինի»:

Christie's-ը հայտարարել է, որ Բենքսիի աշխատանքի վաճառքի գինը դարձել է համաշխարհային աճուրդային ռեկորդ:

Christie's-ը հավելել է, որ նկարի վերարտադրությունը կմնա հիվանդանոցում՝ պացիենտների, այցելուների եւ անձնակազմի համար: