Ժան-Միշել Բասկիի «Ռազմիկը» նկարը Հոնկոնգի Christie's աճուրդում վաճառվել է 41,8 միլիոն դոլարով՝ դառնալով Ասիայում երբեւէ վաճառված ամենաթանկ արեւմտյան ստեղծագործությունը:

1982-ի արվեստի գործի վաճառքի վերջնական գինը սպասվածից բարձր է եղել, իսկ սակարկումների սկսվելուց առաջ արժեքի գնահատականը տատանվել է 31-41 միլիոն դոլարի սահմաններում: Նկարն արված է ակրիլով եւ աերոզոլային ներկերով եւ արվեստի աշխարհում համարվում է նշանակալի գործ, որ ամերիկյան նկարիչը ստեղծել է իր աշխատանքի ամենաակտիվ ժամանակահատվածում:

Ստեղծագործությունը վաճառվել է «Հոնկոնգի եւ Նյու Յորքի միջեւ սակարկումների 10 րոպեանոց բուռն պայքարից հետո»,- ասվում է Christie's-ի հայտարարության մեջ: Կտավը մեկնաբանվել է որպես Բասկիի կիսակենսագրական աշխատանք, որը կենտրոնացած է հասարակության մեջ անհավասարության եւ արվեստի աշխարհում սեւամորթ ներկայացուցչության բացակայության վրա: Նկարը 2012-ին Լոնդոնի Sotheby's աճուրդում 8,7 միլիոն դոլարով վաճառվել էր ամերիկացի կոլեկցիոներին, բայց դրա գինը բարձրացել է՝ Ասիայում արեւմտյան նկարների պահանջարկի աճի հետ:

Ժան-Միշել Բասկիի «Ռազմիկը» իշխող եւ հեղինակավոր դիմանկար է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչու է դրա հեղինակը համարվում վերջին կես դարի ամենակարեւոր նկարիչներից մեկը»,- մեկնաբանում է աճուրդի տունը: Վերջին տարիներին կտրուկ աճել է նաեւ Բասկիի համբավը, ինչը նույնպես նպաստել է նրա աշխատանքների գների բարձրացմանը: