Այսօր Հայաստանում կուտակվել է 8 մլրդ դոլարի վարկ, որից 2 միլիարդը սպառողական վարկերն են: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը, մասնավորապես, հայտնեց, որ 2020-ին սպառողական վարկերի մասնաբաժինը կտրուկ նվազել է, քանի որ քաղաքացիներին վարկերի տրամադրումը հետաձգվում է երրորդ, չորրորդ եւ հինգերորդ անգամ:
Նշելով, որ այդ քաղաքացիները նույնպես հարկատու են, պատգամավորն ընդգծեց, որ նրանք բիզնեսի համար առաջարկ-պահանջարկ ձեւավորող են:
«Մենք պետք է մարդկանց ազատենք վարկային բեռից»,-ասաց Մելքումյանը՝ շեշտելով, որ ինքը դիմում է ոչ թե ներկայիս քաղաքական ղեկավարությանը, այլ երկրի նոր կառավարությանը, որը շուտով կզբաղեցնի իր տեղը:
Պատգամավորը նաեւ ասաց, որ այս ամենի համար կան համապատասխան մեխանիզմներ, բայց ինքը չի բացահայտի դրանք, որպեսզի հետագայում չհարցնեն, թե ի՞նչ խնդիրներ կունենան ավանդատուները: Նրա պնդմամբ՝ պետությունը կարող է ներգրավել այդ միջոցները տարբեր մեխանիզմների միջոցով:
Մելքումյանը շարունակեց պնդել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը պետք է խորհրդարանի ամբիոնից ընդունի, որ սխալ վարկային քաղաքականություն է վարում:





























