Հունական Mouzenidis Group զբոսաշրջային հոլդինգի հիմնադիր եւ նախագահ Բորիս Մուզենիդիսը 60 տարեկան հասակում Մոսկվայում մահացել է սրտի կանգից, ինչը կորոնավիրուսի բարդության հետեւանք է, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկատվությամբ՝ Մուզենիդիսը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու MITT-2021 զբոսաշրջային ցուցահանդեսին, որը մարտի 16-18-ն անցկացվել է «Կրոկուս Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
Մոսկվայում նա վարակվել է կորոնավիրուսով, որը սկզբում թեթեւ է ընթացել: Նախորդ օրը գործարարը հոսպիտալացվել է, իսկ շաբաթ գիշերը մահացել հիվանդանոցում:
Բորիս Մուզենիդիսը ծնվել է 1961 թվականին Վրաստանի Ծալկա քաղաքում՝ պոնտացի հույների ընտանիքում: 90-ականների սկզբին նա հայրենադարձվել է Հունաստան եւ սկսել է աշխատել զբոսաշրջության ոլորտում: 1995-ին նա հիմնադրել է Mouzenidis Group-ը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սալոնիկում, այն աստիճանաբար դարձել է ռուսաստանցի զբոսաշրջիկներ ընդունող Հունաստանի ամենամեծ ընկերություններից մեկը: Դրա կազմում ներառված են Mouzenidis Travel տուրօպերատորը, Bomo հյուրանոցների ցանցը, որը ներկայացված է Հունաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում եւ Թուրքիայում, զարգացման ընկերություն, բեռնափոխադրող ընկերություն, առեւտրի կենտրոն, մանկական ճամբար, մասնավոր անվտանգության ընկերություն եւ այլ բիզնեսներ:
Համավարակի հետ կապված ճգնաժամից առաջ հոլդինգը Հունաստանում տարեկան սպասարկում էր մինչեւ մեկ միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկի:





























