Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ հայրենիքում հարուցված են մի շարք քրեական գործեր, առաջարկում է վրացական իշխանություններին թույլ տալ իրեն մուտք գործել երկիր 24 ժամով եւ տեսնել բնակչության արձագանքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եկեք անցկացնենք քննչական փորձ: Թող ինձ թույլ տան ժամանել երկիր, 24 ժամվա ընթացքում ինձ թողնեն փողոցում, խոստանում եմ՝ ես կլինեմ առանց անվտանգության աշխատակիցների: Ժողովրդին հնարավորություն տանք ազատորեն արտահայտել իրենց կարծիքը: Ինչո՞ւ այդ մասին չեն մտածում: Հնարավոր է այն պատճառով, որ հենց ես ոտք դնեմ վրացական հողի վրա, պարզ կդառնա, որ նրանց (գործող իշխանությունների) աջակցությունը կազմում է 5 տոկոս, իսկ իմը՝ 70-75 տոկոս»,-հայտարարել է Սաակաշվիլին «ՏՎ Պիրվելի»-ի եթերում:

Նրա խոսքով՝ վրացի պաշտոնյաները բազմիցս ժամանել են Ուկրաինա եւ խնդրել տեղի իշխանություններին չարտահանձնել նրան վրացական կողմին:

Սաակաշվիլին, որն ավելի վաղ եղել է Վրաստանի նախագահ, 2013 թվականի լքել է երկիրը, երբ նրա դեմ հարուցվել է քրեական գործ:

2015 թվականի գարնանը, երբ արդեն ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակվել էր Օդեսայի նահանգապետ: Սակայն 2016 թվականի նոյեմբերին նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից հեռացրել էր Սաակաշվիլիին, իսկ 2017 թվականից՝ զրկել քաղաքացիությունից:

Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին վերադարձրել էր Սաակաշվիլիի քաղաքացիությունը, եւս մեկ տարի անց՝ նշանակել բարեփոխումների ազգային խորհրդի կատարողական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: