ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարաել է, որ կա հավանականություն առաջիկայում երկրի հարավային սահման այցելելու:
Թրամփն ասել է, որ հավանական է, որ կայցելի հարավային սահման առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Նա անվանել է նախագահ Ջո Բայդենի կողմից «Մնա Մեքսիկայում» քաղաքականության կամ միգրանտներին պաշտպանելու մասին արձանագրության չեղարկումն «ամենավատ որոշումը»:
«Եւ միլիոնավոր մարդիկ են ժամանում մեր երկիր: Եւ դա ոչնչացնում է մեր երկիրը»,-ասել է նա:
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ առաջինն, ինչ Բայդենը պետք է անի, «Մնա Մեքսիկայում» քաղաքականության վերականգնումն է եւ սահմանին պատի կառուցումն ավարտին հասցնելը:
Նա ասել է, որ Մեքսիկան այժմ «շատ չարացած է մեզ վրա»: «Մենք այլեւս լավ հարաբերություններ չունենք Մեքսիկայի հետ: Դուք ունեք Մեքսիկայի հիանալի նախագահ, որն ինձ համար ֆանտաստիկ էր»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Մեքսիկան հրաժարվում է ընդունել բոլոր ընտանիքներն, որոնք ԱՄՆ-ը փորձում է վտարել հարավային սահմանը հատելու նրանց փորձերից հետո: Նա աասել է, որ իր վարչախումբը բանակցություններ է վարում այդ հարցի շուրջ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ:
«Որոշ ընտանիքներ չեն վերադառնում, քանի որ Մեքսիկան հրաժարվում է ընդունել նրանց: Ընդ որում՝ ոչ բոլորը»,-ասել է Բայդենը հինգշաբթի կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:





























