Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների նկատմամբ ՄԱԿ դիրքորոշումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսեւորում է, խախտում է պետության ինքնիշխանությունը եւ ինքնապաշտպանության նրա իրավունքը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների գործերի դեպարտամենտի ղեկավար Չո Չհոլ Սուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չո Չհոլ Սուն հավելել է, որ ՄԱԿ բանաձեւերը «ԱՄՆ թշնամական քաղաքականության ուղղակի հետեւանքն են»: «Շատ երկրներ զինուժի ամրապնդման նպատակով արձակումներ են անցկացնում ամեն տեսակի արձակման կայանքներից, բայց միայն մեր ինքնապաշտպանական արդարացի միջոցառումներն են հարցականի տակ դրվում»,- նշել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ քանի դեռ ՄԱԿ ԱԽ-ն կօգտագործի երկակի ստանդարտներ, Կորեական թերակղզում իրավիճակը կշարունակի սրվել:

Մարտի 25-ին տեղական ժամանակով առավոտյան Հյուսիսային Կորեան կատարել է երկու բալիստիկ հրթիռների արձակում: Արկերն ընկել են Ճապոնիայի էքսկլյուզիվ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան տեղի ունեցածը որակել է ՄԱԿ ԱԽ բանաձեւի խախտում եւ սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը: