ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է հարսանեկան արարողության, ցատկել է բարձրախոսի մոտ եւ քաղաքականության մասին խոսելու առիթը բաց չթողնելով՝ սկսել է ելույթ ունենալ Բայդենի, Չինաստանի ու Իրանի դեմ, հայտնում է BBC-ն: 

Թրամփը բուռն ծափահարությունների ներքո հարսանեկան երեկույթի հյուրերին հարցրել է. «Դուք արդեն կարոտո՞ւմ եք ինձ»:

Նա մեկնաբանել է Մեքսիկայի սահմանին իրավիճակը եւ նախագահական ընտրություններին առնչվող եւս մի քանի հարց բարձրացրել, որոնցում պարտվել էր:

«Ես տեսել եմ սահմանի, Չինաստանի, Իրանի վերաբերյալ այդ բոլոր ռեպորտաժները»,- այսպես է սկսել Թրամփը տեսանյութում, որը հրապարակվել է TMZ ժամանցային կայքում:

«Մենք պատրաստ էինք գործարք կնքելուն, նրանք ամեն ինչի պատրաստ էին, նրանք ինչ ասես կանեին: Եվ այդ տղան [Բայդենը] գնում ու հանում է պատժամիջոցները, իսկ հետո ասում է, որ մենք կցանկանայինք հիմա բանակցություններ սկսել»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն այնուհետեւ Բայդենի վարչակազմին քննադատել է Մեքսիկայի սահմանին իրավիճակի պատճառով: Ժամանողների թիվն աճել է այն ժամանակից ի վեր, ինչ Բայդենը պաշտոնը ստանձնել է, այդ թվում՝ հարյուրավոր անչափահասներ կան, որոնք ներգաղթի կենտրոններում պահվում են հսկողության տակ:

«Սահմանը վատն է: Դա վատթարագույնն է, ինչը երբեւէ եղել է: Ինչ է կատարվում երեխաների հետ, նրանք ապրում են աղքատության մեջ: Նրանք այնպես են ապրում, ինչպես ոչ ոք երբեք չի տեսել»,- նշել է Թրամփը:

Այնուհետեւ նախկին նախագահը իր ուշադրությունը կենտրոնացրել է նախագահական վերջին ընտրություններում պարտության վրա, որը Թրամփը վիճարկում է:

«Նրանք ասացին, որ կստանաք 66 մլն ձայն, եւ ընտրություններն ավարտված են: Ես ստացա 75 մլն ձայն, եւ դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ»,- հավելել է ԱՄՆ նախկին նախագահը: