Երբ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքները ուժի մեջ մտնեն, այն ժամանակ էլ ԵՊՀ–ում ռեկտորի մրցույթ կհայտարարվի եւ  ռեկտոր կընտրվի։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով նախատեսվում է, որ բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները, այլ ոչ լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու հոգաբարձուների 9 անդամներից, որոնցից 5-ը կնշանակվի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ 4-ին կընտրի բուհը։ Հոգաբարձուների խորհուրդը կընտրի բուհի ռեկտորին։ Ռեկտորը կպաշտոնավարի 5 տարի ժամկետով, կկարողանա պաշտոնավարել մինչեւ 70 տարեկան դառնալը։

Հավելենք՝ 2019թ. մայիսի 23–ին, Երեւանի Պետական համալսարանի  ռեկտոր Արամ Սիմոնյանւ հրաժարական էր տվել։ Մինչ օրս ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գեւորգյանն է։